Նյու Յորքի մի խումբ հայեր ստորագրահավաք են սկսել, որը տեղադրված է հետևյալ հասցեով:
Նամակում ասվում է.
Մենք, այս նամակի ներքո ստորագրողներս, հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհապաղ և անվերապահորեն հետ կանգնել պուտինյան Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցության որոշումից, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանի կործանարար զարգացումները:
Քանի-որ ՄՄ-ին Հայաստանի անդամագրության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունիսին, կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, բոլոր հայկական կազմակերպություններին և կուսակցություններին, ովքեր համաձայն են ներքոնշյալ կետերի հետ, կանգնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիների կողքին և ստորագրել այս նամակի ներքո ոչ ուշ, քան հունիսի 13-ի կեսգիշերին, 2014 թվական:
1. 2013-ի սեպտեմբեր ամսին Սերժ Սարգսյանը հանկարծակի փոխեց իր դիրքորոշումը և հայտարարեց, որ Հայաստանը Եվրոպական Միության փոխարեն կմիանա Մաքսային Միությանը:
2. 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի նախագահը հայտարարեց որ ՄՄ-ի անդամ երկրների նախագահները Ադրբեջանի նախագահ Ալիևից նամակ են ստացել, ըստ որի Բաքուն պահանջում է չթույլատրել ՀՀ-ին միանալ ՄՄ-ին ԼՂՀ-ի հետ միասին: Նա մասնավորապես նշեց, որ Ալիևին «չգրգռելու» համար այս հարցը պետք է քննարկվի հունիսին ՄՄ-ին ՀՀ-ի միացումից առաջ:
3. Ադրբեջանական մամուլում լույս տեսած հոդվածներում առաջարկվում է ԼՂ-ի և ՀՀ-ի միջև Ադրբեջանի կողմից հսկվող մաքսային կետերի հաստատում: Հայաստանի զինված ուժերից բացի, ցանկացած այլ ուժերի կողմից ԼՂՀ և ՀՀ սահմանների հսկումը կնշանակի ԼՂՀ-ի կրկնակի շրջափակում, ինչը հսկայական վնաս կհասցնի ԼՂՀ տնտեսությանը:
4. Հայաստանյան ռեժիմը քաջատեղյակ է, որ համայն հայությունը ԼՂՀ-ն համարում է Հայաստանի և մեր հայրենիքի մաս: Առավել քան քսան տարի սա եղել է և կմնա մեր դիրքորոշումը: Սրա վառ ապացույցն են սփյուռքից եկող՝ Ղարաբաղին սատարելու համար միլիոնավոր դոլարների ներդրումներն ու նվիրատվությունները: Նույնիսկ ՀՀ կառավարության կողմից հաստատված քարտեզները, որոնք Սփյուռքում օգտագործվում են նվիրատվությունների հավաքագրման և այլ հրատարակություններում, միշտ ներկայացնում են ՀՀ-ն և ԼՂՀ-ն որպես միասնական պետություն:
5. ՄՄ-ին միանալով Հայաստանը գրեթե ոչ մի լուրջ տնտեսական օգուտ չի ստանա: Ավելին, մեր ծայրահեղ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից սպառնում է մեր անկախությանն ու ինքնորոշմանը: Այս իսկ պատճառով, անկախ պուտինյան խոստումներից, մենք դեմ ենք ՄՄ-ին Հայաստանի անդամակցմանը: Պուտինյան խոստումներին հավատալը ՀՀ կառավարության կողմից առնվազն միամտություն է և վիրավորական է ցանկացած խելացի հայի համար:
6. Հայաստանը ՄՄ-ի անդամ որևէ երկրի հետ սահմանակից չէ: Հայաստանի չորս սահմաններից երկուսը (Ադրբեջան և Թուրքիա) փակ են: Վրացական սահմանը Եվրոպական Միության ազատ-առևտրի գոտի է, իսկ Իրանի հետ ցանկացած գործարք կսահմանափակվի ի պաշտպանություն ռուսական շահի: Չնայած այս ամենին ՀՀ կառավարությունը շարունակում է Հայաստանի մեկուսացման և Ռուսաստանին հանձնելու իր քաղաքականությունը:
7. Մենք կարծում ենք, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության պայմաններն ու սահմանափակումները մեր ազգի շահերին հակառակ են:
Հաշվի առնելով վերոնշյալ կետերը, մենք հորդորում ենք Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարությանը
- Հասկանալ և ընդունել որ զոհաբերությունները մեծ են, վտանգը՝ ավելի, ուստի չենք կարող թույլ տալ, որ ՄՄ-ն և Պուտինը մանիպուլյացիաներով և սպառնալիքներով որոշեն Ղարաբաղի ճակատագիրը:
- Լրջորեն հաշվի նստել աշխարհասփյուռ հայ համայնքների հույսերի և երազանքների հետ, այն սփյուռքի, որ անկախությունից ի վեր, պատերազմի տարիներին և մինչ օրս սատարել է թե´ Հայաստանի և թե´ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին:
- Օգտագործել այս հնարավորությունը և դադարեցնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային և Եվրասիական Միությանը և անվավեր ճանաչել մինչև այժմ ստորագրած բոլոր որոշումները և պայմանագրերը: Ապա, անմիջապես լծվել Եվրոպական Միության հետ հարաբերությունների վերականգնմանը և ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել, որը թույլ կտա համագործակցել Ռուսաստանի, Արևմուտքի, Միջին և Հեռավոր Արևելքի և աշխարհի այլ երկրների հետ:
- Հիշեցնել միջազգային հանրությանը, որ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն և միայն խաղաղ բանակցությունների միջոցով:
- Ստանալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և այլոց հավաստիացումը, որ Ադրբեջանի կողմից հրադադարի որևէ խախտում անհետևանք չի մնա:
- Հասկանալ, որ այս վտանգավոր վարքագծի շարունակումը և մեր հայրենիքի համար հնարավոր ողբերգական հետևանքների անտեսումը մենք կհամարենք ազգի դավաճանություն Ձեր կողմից:
- Պատասխանել այս պահանջին պաշտոնական գրավոր հայտարարությամբ, նախքան որևէ այլ Մաքսային միության անդամակցության համաձայնագիր ստորագրելը:
Կանխավ շնորհակալ ենք այս խնդրին և պահանջներին Ձեր անհապաղ և խոհամիտ ուշադրության համար: